"Բարդ և վիրտուոզ ստեղծագործությունների կատարումով, քանոնահարուհու նուրբ երաժշտականությունը, մասնագիտական բարձր վարպետությունը, ճաշակը, քնարականությունն ու աշխատասիրությունը տվել են իրենց հիանալի արդյունքը:"

"Հայրենիքի ձայն"
շաբաթաթերթ  



Անվանի քանոնահարուհի Հասմիկ Լեյլոյանի անունը վաղուց արդեն հայտնի է ունկնդիրների լայն շրջանին և վայելում է ժողովրդական նվագարանների կատարողական արվեստի համակիրների սերն ու հարգանքը: Ստեղծագործական բեղուն ու հագեցած ուղի անցած արվեստագետն այսօր ներկայանում է V դարից մեզ հասած ավանդական այս նվագարանի` քանոնի մեր օրյա ¦Տիրուհի§: Որն անթերի կերպով տիրապետում է գործիքի թե վիրտուոզ, թե արտահայտչական հնարքներին: Հանդես գալիս թե ժողովրդական և թե դասական բարդ ստեղծագործությունների անզուգական կատարումներով:

Ծնվել է Երևանում: Երկու տարում ավարտել է Ա. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի հնգամյա դասընթացը: Այնուհետև սովորել է Երևանի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում:

1981 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան` ուսանելով կոմպոզիտոր, պրոֆեսոր Խաչատուր Ավետիսյանին: /Ի դեպ Հ. Լեյլոյանը հանդիսանում է ժող. նվագարաների ամբիոնի առաջին շրջանավարտը: Ավարտելով կոնսերվատորիան անմիջապես աշխատանքի է անցել նույն բուհի ժող. ամբիոնում, որպես դասախոս: Շարունակելով իր ուսուցիչների ավանդներն ու դառնալով նրանց արժանի հետնորդը Հ. Լեյլոյանը (դեռևս 70-ական թվականերից) ծավալում է համերգային և մանկավարժական բուռն գործունեություն: Երկար տարիներ նա եղել է Հայպետֆիլհարմոնիայի, այնուհետև` Հայաստանի Ազգային Ռադիոյի սիմֆոնիկ-էստրադային նվագախմբի մենակատար:

Հանդես է եկել տարբեր նվագախմբերի հետ (Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան ազգային օպերային թատրոնի, Մոնրեալի, Տորոնտոյի և Բեյրութի սիմֆոնիկ նվագախմբեր, Մոսկվայի Պետֆիլհարմոնիայի Օսիպովի անվան ժողգործիքների նվագախումբ/: Համագործակցել է տարբեր երաժիշտների հետ` Արա Գևորգյան, Կարեն Դուրգարյան, Երվանդ Երզնկյան, Նիկոլայ Կալինին, Արա Ղազարյան և շատ ուրիշներ:

Քանոն նվագարանի կատարողական պատմության մեջ Հ. Լեյլոյանը առաջինն է հանդես եկել մենահամերգով /1974 թ./: Ավանդական նվագացանկի կողքին ներկայացրեց մինչ այդ քանոնով դեռ չկատարված մի շարք դասական բարդ երկերի մշակումներ և փոխադրումներ: Իր վիրտուոզ տեխնիկայի շնորհիվ, բացահայտեց և ունկնդրի ուշադրությանը ներկայացրեց քանոնի կատարման լայն հնարավորությունները:
 
Շնորհաշատ քանոնահարուհին հեղինակել է քանոնի տեխնիկայի զարգացման դասագիրք, կազմել ուսումնամեթոդական մի շարք ժողովածուներ: Հ. Լեյլոյանի կատարած մշակումներն ու փոխադրումները վաղուց արդեն կայուն տեղ են գրավել քանոնահարների նվագացանկում: Դրանք աչքի են ընկնում կատարողական նոր հնարքներով:

Այսօր արդեն ՀՀ վաստակավոր արտիստ, երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիր Հասմիկ Լեյլոյանը համերգներով բազմիցս հանդես է եկել ավելի քան 40 երկրներում` Ֆրանսիա, Գերմանիա, Շվեցարիա, Հունաստան, Կանադա, Լեհաստան, Հունգարիա, Արգենտինա, արաբական և աֆրիկյան մի շարք երկրներ նախկին Խորհրդային Միության հանրապետություններ և այլուր:
 
Ունի ռադիոյի և հեռուստատեսության ֆոնդային բազմաթիվ ձայնագրություններ, ինչպես նաև լազերային մի քանի սկավառակ: 2003 թ. թողարկվել է նրա ¦Զարթոնք§ անհատական ձայնասկավառակը, այնուհետև թողարկվել են ¦Վերադարձիր§ և “Golden strings” տեսահոլովակների DVD, 2007թ. “Fly my heart” CD, որտեղ տեղ գտած ձայնագրությունները նորովի են ներկայացնում Հասմիկ Լեյլոյան` վարպետ մենակատարի արվեստը` մեկ անգամ ևս ի հայտ բերելով նրա վառ անհատականությունը, վիրտուոզ կատարողի փայլուն որակները, ստեղծագործական ինքնահայտման տարբեր ձևերի մշտական որոնումները:
 
Նոնա Ոսկանյան
երաժշտագետ